Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Տակտիկական ու ստրատեգիական նպատակներ չունեցող հասարակության ներսում տիրում է անկառավարելի քաոս

Տակտիկական ու ստրատեգիական նպատակներ չունեցող հասարակության ներսում տիրում է անկառավարելի քաոս
17.11.2025 | 18:06

Հասարակություն կոչեցյալը կազմված է մարդկանցից, որոնք բոլորը, իրենց հնարավորությունների սահմաններում, ձգտում են ապրել հնարավորինս բարձր որակ ունեցող կյանքով:

Այդ նպատակին հասնելու համար ամեն մարդ ունի որոշակի կենսաբանական ու սոցիալական հզորություն, որոնց միջոցով կյանք կոչեցյալ մրցակցային պրոցեսի ընթացքում մշտապես ձգտում է ապրելու համար անհրաժեշտ բարիքների իր բաժինը մեծացնել, որը ենթադրում է նաև կյանքի պրոցեսին ուղեկցող անխուսափելի կորուստների նվազեցում:

Նման կարգի ձգտումները կյանքում իրականություն դարձնելու համար ամեն մարդու մոտ ձևավորվում են պատկերացումներ իրեն շրջապատող ամեն ինչի մասին, որոնք էլ ընկած են կյանքի ամեն քայլափոխին մարդու կողմից կայացվող որոշումների հիմքում:

Ընդհանուր առմամբ, կյանքի պրոցեսի մասին մարդկանց մոտ առաջացող պատկերացումների ամբողջությունը նրանց մոտ ձևավորում է որոշակի կարծիք լավագույն ապրելակերպին հասնելու միջոցների մասին, որով էլ պայմանավորվում է նրանց քաղաքակրթական մակարդակը:

Բազմաթիվ գործոններից կախված, մարդկանց քաղաքակրթական մակարդակն էլ կարող է ընկած լինել ամենացածր կենսաբանականից սկսած մինչև բարձր գիտակցությամբ սոցիալական բնույթի մակարդակը:

Բացի դրանից, մարդկանց կյանքն ունի կենսաբանական ու սոցիալական կողմեր, որտեղ կենսաբանական իմաստով մարդիկ, իրենց ձգտումներով ու կյանքի մասին իրենց պատկերացումներով, իրարից պրակտիկորեն չեն տարբերվում:

Նրանք իրարից տարբերվում են կյանքի սոցիալական կողմի մասին իրենց կարծիքների ու պատկերացումների իմաստով միայն, կարծիքներ ու պատկերացումներ, որոնց ձևավորում են կյանքի պայմանները:

Քանի որ հասարակությունն էլ բաղկացած է տարբեր պայմաններում ապրող մարդկանց խմբերից կամ շերտերից, ապա վերջիններիս մոտ առաջանում են տարբեր պատկերացումներ ու կարծիքներ իրենց գոյության ու հասարակական կյանքի մասին:

Այսինքն, այս իմաստով բոլոր հասարակություններն իրենցից ներկայացնում են տարբեր կարծիքների համախումբ, որոնք, կախված այն բանից, թե հասարակական կարգը ինչքանով է մոտ կամ հեռու բռնապետականից, կարող են ազդել կամ չազդել երկրի կյանքի վրա:

Բռնապետական կարգը կառավարվում է բացարձակ վերից վար ուժային սկզբունքով և, բնականաբար, չունի ոչ մարդկանց կարծիքի ու ոչ էլ, այսպես կոչված, հասարակական կարծիքի կարիքը:

Եվ ինչքան հասարակական կարգի կառավարումը շեղվում է բացարակ վերից վար ուժային սկզբունքից դեպի մասնակի վարից վերը, որի անունը մարդիկ պայմանականորեն անվանել են դեմոկրատական կամ ժողովրդավարական կառավարում, այնքան, հնարավոր է, որ մարդկանց կարծիքն ու դրա վրա հիմնված հասարակական կարծիքը ինչ-որ չափով մասնակցեն երկրի կառավարմանը:

Նման պայմաններում կենտրոնական դեր ունի այն հանգամանքը, որ հասարակական կարծիք կոչեցյալն ինքը կառավարելի է, որն էլ դառնում է դեմոկրատական կոչեցյալ պետական կարգի գործունեության առանցքը` իշխանությունների ընտրության պրոցեսի տեսքով:

Գործունեություն, որից էլ բխում է նման հասարակության քաղաքական կյանքի բազմակուսակցական կառուցվածքը, որն էլ, իր հերթին, ավելի է հեշտացնում հասարակական կարծիքի կառավարումն ու մեծ հավանականությամբ ցանկալի իշխանության ձևավորումը:

Այստեղ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ զարգացած կապիտալիզմի պայմաններում պետության և վերպետական կապիտալի միջև մրցակցության պայմաններում փոքր հավանականությամբ կարող է տեղի ունենալ նաև հակառակը` իշխանության բերելով ոչ կապիտալի թեկնածուին:

Իսկ թույլ պետականության սահմաններում, որտեղ օրենքները լրիվ ուժով չեն գործում, և որտեղ ուժեղ անհատների հզորությունը համաչափելի է պետական կամ իշխանական հզորությունների հետ, ու որտեղ իշխանության գործունեությունն էլ չի փայլում իր օրինականությամբ և, բացի դրանից, հասարակությունն ինքն էլ պառակտված է և չունի հստակորեն նշված տակտիկական ու ստրատեգիական նպատակներ, հասարակական կարծիքի մասին խոսելն անգամ ավելորդ է, քանի որ հասարակություն կոչեցյալի ներսում տիրում է անկառավարելի քաոսը:

Մի հանգամանք, որ նշանակում նաև, որ շատ պատճառներով նման հասարակության ինքնակառավարումը անհասանելի է, և դրա համար էլ նման պայմաններում կառավարումն իրականացվում է օտար ուժերի կողմից:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ